Եթե բուհի հիմնադիրը պետությունն է, ապա հենց պետությունն էլ 100 տոկոսով պետք է պատասխանատվություն կրի տվյալ բուհի գործունեության համար:
Այս մասին փետրվարի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկմանը, պատասխանելով բուհերի կառավարման խորհուրդներում անդամների քանակի վերաբերյալ պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Միեւնույն ժամանակ, նախարարը խոստովանեց, որ նման դիրքորոշումը չի կարող ընդունելի լինել հասարակության եւ մասնագիտական հանրության համար:
Իր հերթին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց, որ բուհերի կառավարման խորհուրդներում տեղեր հատկացնելու բուն սկզբունքը խախտում է դրանց սահմանադրական իրավունքները: «Սահմանադրության համաձայն` Հայաստանում բուհերին ինքնավարության իրավունք է շնորհված, իսկ դա վտանգում է համալսարանների ինքնավարության իրավունքը»,- շեշտեց պատգամավորը:
Սակայն նախարարը նշեց, որ, իր խորին համոզմամբ, խորհրդարանականն ինքնավարությունը շփոթում է մեկ այլ բանի հետ: «Բուհերի ինքնավարությունը սկսվում եւ ավարտվում է համալսարանի առավելությունների իրացմանն ուղղված գործունեությամբ»,- ասաց Դումանյանը:





























