ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են թագավորության պաշտպանունակության ամրամնդումը` «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման կողմնակիցների կողմից Աբհա քաղաքի օդանավակայանի գնդակոծման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պետքարտուղար Բլինքենը դատապարտել է հութիների հարձակումներն Աբհայի միջազգային օդանավակայանի վրա, որոնց ընթացքում քաղաքացիական ինքնաթիռ էր վնասվել: Պետքարտուղար Բլինքենը եւ [Սաուդյան Արաբիայի] արտաքին գործերի նախարարը քննարկել են Սաուդյան Արաբիայի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը` թագավորության վրա հարձակումներին հակազդելու նպատակով»,- ասվում է Պետդեպարտամենտի կայքում չորեքշաբթի հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաեւ Եմենում հակամարտության քաղաքական կարգավորումը, այդ թվում` Եմենի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թիմ Լինդերքինգի միջնորդությամբ:

Չորեքշաբթի արաբական կոալիցիայի հրամանատարությունը` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հայտարարել էր Եմենի ապստամբների կողմից Աբհայի օդանավակայանի վրա հարձակման մասին: Նշվել էր, որ հարձակման արդյունքում քաղաքացիական ինքնաթիռ է հրդեհվել օդանավակայանում: Հրդեհը մարվել էր, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Կոալիցիան կատարվածը որպես ռազմական հանցագործություն էր որակել: Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի` հութիների ներկայացուցիչը հաստատել էր «Անսար Ալլահ»-ի մասնակցությունն օդանավակայանի վրա հարձակմանը` հավելելով, որ դա «պատասխան էր կոալիցիայի կողմից Եմենի օդային ռմբակոծություններին եւ շարունակվող պաշարմանը»: