Նոր Զելանդիայի խորհրդարանը չեղարկել է տղամարդ պատգամավորների համար դրես կոդը՝ նիստերում ելույթ ունենալ փողկապով, հայտնում է New Zeland Herald-ը:

Հինգշաբթի Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Թրեւոր Մալարդը նիստը բացելով՝ հայտարարել է բազմամյա կանոնի չեղարկման մասին, որը տղամարդ պատգամավորներին պարտադրում էր ելույթից առաջ փողկապ կապել: Նա նշել է, որ կանոնակարգի հարցերով կոմիտեի անդամների մեծամասնությունը հավանություն է տվել տղամարդ պատգամավորների համար հագուստի այս փոփոխությանը: «Որպես [խորհրդարանի] խոսնակ՝ ես ղեկավարվում եմ համապատասխան կոմիտեի կարծիքով, ուստի փողկապն այլեւս չի համարվի գործնական կոստյումի անհրաժեշտ տարր»,- նշել է Մալարդը:

Խոսնակի որոշումը հաջորդել է փետրվարի 9-ին տեղի ունեցած սկանդալին: Մաորի կուսակցության ներկայացուցիչ Ռավիրի Վայտիտին պատգամավորների առջեւ ելույթ ունենալիս պարտադիր փողկապի փոխարեն կապել էր մաորիական ավանդական հեյ-տիկի հմայիլ՝ կաշվի վրա նեֆրիտե շերտ: Խոսնակը Վայտիտիին խնդրել էր նիստերի դահլիճից հեռանալ: Պատգամավորը ենթարկվել էր, սակայն լայն արշավ էր սկսել ի պաշտպանություն հմայիլ կրելու իր իրավունքի: Տեղական հեռուստատեսությամբ իր ելույթում նա «հարկադրանք էր անվանել [Նոր Զելանդիայի] բնիկ բնակիչներին ստիպել կրել այն, ինչը գաղութատիրական հանգույց է»:

Մաորիների դիրքորոշումն անսպասելիորեն ստացել էր մյուս խորհրդարանականների աջակցությունը, որոնք ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ պատգամավորներին թույլ են տվել նիստերի գալ թիթեռնիկ-փողկապով, լայնեզր գլխարկներով, ցիլինդրերով եւ ազգային հանդերձանքով: «Փողկապը խորհրդանշում է այն, որ ինչ-որ բան այնպես չի ընթանում, եւ օրակարգից հեռացնում է ասիմիլյացիայի խնդիրը, որն այս երկրի համար դեռեւս արդիական է: Խորհրդարանում մեր մշակութային ինքնության ճանաչման գործում ոչ մեծ քայլեր ձեռնարկելով՝ մենք շարժվում ենք դեպի մեր ժողովրդի ազատագրում»,- նշել է Մաորի կուսակցությունը հաղորդագրության մեջ, որը հինգշաբթի հրապարակվել է Facebook-ում: