ՀՀ-ում բուհերի նկատմամբ պետության վերահսկողությունը միշտ է եղել, եւ մենք կարծում ենք, որ այն պետք է պահպանվի, հատկապես եթե հաշվի առնենք բյուջեից բուհերի ֆինանսավորումը, պետպատվերի համակարգի առկայությունը, ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապված խնդրի լուծված չլինելը: Այս մասին այսօր օնլայն քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը պարբերաբար տարվել է նաեւ նախկին իշխանության օրոք, տարբերությունն այն է, որ այսօր իշխանությունը կարեւորություն է տալիս համակարգի ճկունությանը: «Բացի այդ, բուհերը շատ հարցեր ինքնուրույն չեն կարող լուծել: Դա վերաբերում է նույնիսկ այնպիսի պարզ հարցի, ինչպիսին է կայքերի թարմացումը»,-նշեց նա:

«Պատասխանելով հիմնական քննադատությանը՝ կասեմ, որ ռեկտորներ նշանակվում են նույնիսկ եվրոպական երկրներում, իսկ ռոտացիոն համակարգը չի լիկվիդացվում, ինչպես ասում են շատերը: Այն պարզապես ձեւափոխվում է: Ինչ վերաբերում է տարիքային ցենզի փոփոխություններին, ապա դա ուղղված է կադրերի թարմացմանն ու հնարավորություններ է ստեղծում երիտասարդ մասնագետների համար: Կառավարման եռաստիճան համակարգում բուհի հարցերով կզբաղվի ակադեմիական խորհուրդը»,-հավելեց քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը մինչ իշխանության գալը քննադատում էր բուհերի ինքնակառավարումը նվազեցնելու փորձերը, իսկ այժմ փորձում է լիկվիդացնել այն: