Motorola ընկերությունը մտադիր է շուկա վերադարձնել արտաքին ազդեցությունից պաշտպանված սմարթֆոնները: Մշակումներում նրա գործընկերը կդառնա բրիտանական Bullit Group-ը, որը հարվածադիմացկուն Cat, Kodak եւ Land Rover հեռախոսների սեփականատերն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընկերությունների համատեղ հայտարարության մեջ նշված է, որ դաշինքը Moto ապրանքանիշի ներքո կզբաղվի փոշուց եւ խոնավությունից պաշտպանված հեռախոսների մշակմամբ: Ապագա հավաքածուի բոլոր սմարթֆոնները կլինեն նաեւ հարվածադիմացկուն:

Motorola-ի վերջին սմարթֆոնը, որը հայտարարվել էր առանձնապես դիմացկուն, Moto Z2 Force-ն էր՝ բազմաշերտ պոլիմերից չկոտրվող էկրանով: Moto նոր պաշտպանված հեռախոսի մասին ավելի մանրամասն տեղեկությունները կբացահայտվեն 2021 թվականի գարնանը: