Արդարադատության նախարարության անհատական տվյալների պաշտպանության գործակալությունը 2020-ին իրականացրել է 80 վարույթ եւ 301 խորհրդատվություն: Այս մասին «Արմենպրեսում» լրագրողների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ ասաց գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը:

Գործակալության պետը նշեց, որ ամեն տարի հաշվետվություն է հրապարակվում: 2020 թվականն իր մարտահրավերներով վիճակագրորեն տարբերվում է մյուս տարիներից, չնայած ընդհանուր առմամբ վարույթների թիվը նույնական է նախորդ տարիներին՝ 2019 թվականին եղել է 83 վարույթ: Ընդ որում՝ 80 վարույթից 69-ը վերաբերել է ոչ թե անհատական տվյալների օգտագործմանը, այլ անձնական տվյալների մշակման իրավաչափության ստուգմանը:

Անհատական տվյալների պաշտպանության մասին խոսելիս Հայրապետյանն առանձնացրեց ոչ իրավաչափ միջամտության երկու տեսակ: Դա կոնկրետ անձի անձնական տվյալների անօրինական օգտագործումն է եւ հետագա գործողությունների համար տվյալների օգտագործումը, օրինակ՝ փողի շորթում կամ ապատեղեկատվության տարածում: 2020 թվականին այս երկու տեսակների միջեւ հավասարակշռությունը փոխվել է, երկրորդը ավելի շատ է եղել: 2020 թվականին նաեւ անցկացվել են մի ամբողջ շարք ուսուցանող սեմինարներ տարբեր մասնագիտությունների մարդկանց համար, թե համացանցում ինչպես պաշտպանեն անհատական տվյալները՝ գաղտնագրի երկմակարդակ պաշտպանություն, ինչպես խուսափեն ֆիշինգից:

Հայրապետյանի խոսքով՝ միաժամանակ աշխատանք է տարվում իրավական դաշտի ներդաշնակեցման համար: Ներկայացվել են իրավական ակտերի եւ միջազգային համաձայնագրերի վերաբերյալ 75 տարբեր կարծիքներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են անհատական տվյալների պաշտպանությանը: «Գերակշռող մեծամասնությամբ կոտրում են ոչ թե սերվերը, այլ մեկ մարդու տվյալները: Հիմնականում ֆիշինգի միջոցով: Առաջարկում են շահումներ, միամիտ մարդիկ տրամադրում են գաղտնագիրը եւ լոգինը: 2021 թվականին շեշտը դրվելու է ուսուցման վրա: 2020 թվականին ձեռնարկներ են հրապարակվել, թե ինչպես չդառնալ ֆիշինգի զոհ, գաղտնագիրն ինչպես անվտանգ դարձնել եւ այլն»,- հայտնեց Հայրապետյանը: Գործակալությունը նաեւ աշխատում է այն կազմակերպությունների հետ, որոնք կենսաչափական տվյալներ են օգտագործում՝ մատնահետքեր, տեսահսկում:

Խոսելով ադրբեջանցի հաքերների կողմից Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացածների կամ հիվանդների հետ շփվածների ցուցակների հրապարակման մասին՝ գործակալության ղեկավարը կրկին նշեց, որ, ինչպես ցույց է տվել քննությունը,  սերվերի վրա հաջողված հաքերային հարձակում չի կատարվել, իսկ տվյալներն «արտահոսել» են ինչ-որ օգտատիրոջ միջոցով, հնարավոր է՝ ֆիշինգի օգնությամբ: «Հայտարարություններ են եղել նաեւ այլ արտահոքերի մասին: Բայց պարզվել է, որ մեծ մասը գողացվել է 2020 թվականից առաջ եւ կրկին օգտատերերի միջոցով: Բացառված չէ, որ մարդն ինքն էլ չի իմացել, որ իր փոստը կոտրված է»,- հայտնեց Հայրապետյանը: Ստացվում է, որ եթե մարդը չգիտի, որ իր փոստը կոտրված է եւ շարունակում է դրանից օգտվել, կարելի է նոր արտահոսքեր սպասել: Հետեւելու բուն համակարգը, որն օգտագործվել է կարանտինի օրերին, Հայրապետյանը բավականին անվտանգ է համարում, եւ հավաստիացրեց, որ կարանտինի չեղարկումից հետո բոլոր անհատական տվյալները ոչնչացվել են, ընդ որում՝ բազայի կրողների հետ միասին:

Ի պատասխան այն հարցին, թե կարելի՞ է արդյոք անհատական համարել գերիների եւ անհետ կորածների թվի մասին տվյալները, Հայրապետյանը հստակեցրեց՝ ասելով, որ անհատական են համարվում այն տվյալները, որոնք կարող են թույլ տալ նույնականացնել կոնկրետ մարդուն: Այն տվյալները, որոնք չեն կարող, անհատական չեն: «Ամեն դեպքում, երբ խոսքը տվյալների մասին է, որոնք թույլ չեն տալիս ո՛չ ուղղակիորեն, ո՛չ անուղղակիորեն նույնականացնել, անհատական չեն, եւ օրենքը դրանց վրա չի տարածվում»,- նշեց գործակալության ղեկավարը:

Վերջում գործակալության ղեկավարը հերթական անգամ կոչ արեց անձնական տվյալները հրապարակելիս կամ փոխանցելիս ավելի բծախնդիր լինել, իսկ նրանք, ովքեր գործ ունեն բազաների հետ, խորհրդի եւ ուսուցման համար դիմեն գործակալություն: