Գերմանական Der Spiegel պարբերականը, վկայակոչելով իր սեփական աղբյուրները, հայտնել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, որն ընդհատվել էր վատ եղանակային պայմանների պատճառով, առաջիկայում կվերսկսվի:

Ինչպես նշել են լրատվամիջոցների զրուցակիցները, վատ եղանակային պայմաններն աշխատանքները դադարեցրել են միայն կարճ ժամանակով, դրանք պետք է վերսկսվեն արդեն հաջորդ շաբաթ:

«[Հյուսիսային հոսք 2] կոնսորցիումը վճռական է այս բազմամիլիարդանոց նախագիծն ավարտին հասցնելու հարցում, եւ դժվար թե գտնվի մեկը, ով կասկածում է, որ դա տեղի կունենա»,- գրում է Der Spiegel-ը:

Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ի երկու թելաշարերը Դանիայում կկառուցվեն մինչ մայիս: «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը կասեցվել էր Միացյալ Նահանգների կողմից գազատարի կապալառուների նկատմամբ 2019 թվականի դեկտեմբերին սահմանված պատժամիջոցների պատճառով: Նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարին հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ն ավարտին կհասցվի ՌԴ ուժերով, սակայն շինարարությունը նախատեսվածից մի քանի ամիս ուշ կավարտվի: