Փաստացի այսօրվա մեր դատական գործն առաջին ծիծեռնակն է և հետագայում նմանատիպ դատական գործերը բազմաթիվ կլինեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով իրավաբանների՝ ՀՔԾ-ի և Դատախազության անգործության վերաբերյալ բողոքին։
«Առաջ ընկնելով ասեմ, որ նմանատիպ ընթացակարգով մենք՝ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներս նույնպես մտադրված ենք դիմել դատական կարգով եւ բողոքարկել գլխավոր դատախազի անգործությունը: Որովհետեւ իրենց պատասխանը, որ ուղարկում ենք ձեր գրությունը հարուցված քրեական գործի շրջանակներում ուսումնասիրություններ կատարելու նպատակով, եւս չի բխում օրենքի պահանջներից: Սա հերթական անգամ սեփական պարտավորությունները կատարելուց խուսափելուն միտված գործընթաց է: Տեսնենք այս անգամ ինչպես են պետական մարմիններն արձագանքելու դատարանների որոշումներին»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանի առջեւ ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն փաստաբանների, որոնք հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ հարուցելու քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:





























