Մուգ ակնոցները, ձեռնաշղթաները եւ էլեկտրաշոկերը, ըստ Հոլիվուդի, ոստիկանին անհրաժեշտ անփոփոխ իրերն են: Անարյուն զենքը, որը չի կարող լուրջ վնաս պատճառել առողջ մարդուն, վաղուց օգտագործվում է շատ երկրների ոստիկանության կողմից եւ դարձել է ինքնապաշտպանության կարեւոր տարր:

Ժամանակակից էլեկտրաշոկերի նախատիպը 20-րդ դարի սկզբին ամերիկացի Հենրի Դիքսոնի կողմից «էլեկտրական մտրակի» ստեղծումն էր, որի տակ էլ Դիքսոնը արտոնագրեց իր գյուտը: Սկզբում «Էլեկտրական մտրակն» իրենից ներկայացնում էր ձող՝ երկու էլեկտրոդով, եւ նախատեսված էր դրա միջոցով խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին հնազանդության մեջ պահելու համար: Անհնազանդության դեպքում կենդանին հոսանքահարվում էր: Էլեկտրաշոկերին ժամանակակից տեսքը տվել է Ջոն Քովերը: Նա իր գյուտն անվանել է «Զենք՝ անշարժացման եւ կալանքի համար»՝ այն արտոնագրելով 1974 թվականին: Միայն Քովերի էլեկտրաշոկերն արդեն նախատեսված էր ոչ թե կենդանիների, այլ մարդկանց համար:

«Շոկեր» անվանումն արդեն խոսուն է՝ հարված, ուժեղ զարմանք: Մոտավորապես այսպես էլ աշխատում է սարքը: Կան կաթվածահարներ, որոնք կարող են 40-50 րոպեով «անջատել» հակառակորդին: Այս տիպը ներառում է թեթեւ, փոքր, էլեկտրաշոկերները՝ մետաղական կորպուսով, ապակողմնորոշիչներ՝ ավելի քիչ հզորությամբ եւ լարումով, մինչդեռ դրանք թույլ են տալիս կանգնեցնել հարձակումը եւ հետ մղել այն՝ հարձակվողի համար ապահովելով ուժեղ ցավային զգացողություններ: Այսպես կոչված՝ հոգեբանական ազդեցության էլեկտրաշոկերներն ունեն ամենացածր հզորությունը եւ օգտագործվում են հակառակորդին վախեցնելու համար: Մահակներն օգտագործվում են ոչ միայն հոսանքահարելու, այլեւ հակառակորդին հարվածներ հասցնելու համար: Էլեկտրաշոկերը կարող է օգտագործվել ինչպես անմիջական սերտ շփման, այնպես էլ հեռավորությունից: Երկրորդը ներառում է կրակող սարքեր, որոնց էլեկտրոդները կարող են թռչել մինչեւ 5-7 մ հեռավորությամբ: Իրենց կառուցվածքային առանձնահատկություններով էլեկտրաշոկերները պայմանականորեն բաժանվում են լապտերով ավանդական էլեկտրաշոկերների, կանանց ԷՇՍ-ների, մահակ-էլեկտրաշոկերների, առօրյա իրերի տակ քողարկված սարքերի, ինչպիսիք են հեռախոսը, ծխախոտատուփը կամ նույնիսկ շրթներկը: Համացանցում կարելի է գտնել առավել հուսալի եւ պահանջարկ ունեցող էլեկտրաշոկերների TOP-տասնյակը եւ նույնիսկ քսանյակը:

Էլեկտրաշոկերով հարվածից հետո մարդը ժամանակավորապես կաթվածահար է լինում: 10-30 րոպե ապակողմնորոշված է լինում եւ չի կարող որեւէ գործողություն ձեռնարկել: Եթե էլեկտրաշոկերը հզոր է, ապա մարդը ուժեղ մկանային ցավ կզգա: Ճնշվում են նաեւ վերահսկող ուղեղի ազդակները, կտրուկ նվազում է ածխաջրերի քանակը, որոնք անհրաժեշտ են մկաններին շարժվելու համար, նվազում է ագրեսիայի մակարդակը, իսկ հարբած մարդիկ արագ սթափվում են: Սարքն ազդում է նաեւ ձմեռային հագուստի միջով, հարվածի ուժը կախված է շոկերի հզորությունից եւ նյութից (կաշվե բաճկոնների միջոցով ամենաքիչ վնասն է լինում):

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղ է առավել արդյունավետ ուղղել շոկերի հարվածը, փորձագետները կարծում են, որ ավելի լավ է ուղղել կրծքավանդակին (հատկապես պարանոցի շրջանի հատվածին), աճուկին, մեջքին, արեւային ցանցին, հետույքին: Մթնոլորտային տեղումները չեն ազդում էլեկտրաշոկերի օգտագործման արդյունավետության վրա: Այն հարմար է պաշտպանության համար նույնիսկ ուժեղ անձրեւի ժամանակ: Գրեթե անհնար է օգտագործողի տուժելը: Բացառություն է միայն այն քիչ հավանական դեպքը, երբ երկու մարդն էլ լիքը լցված լոգարանակոնքի մեջ լինեն:

Սարքերի առաջատար արտադրողներն են՝ Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մալայզիան, Թայվանը: Փորձագետներն ասում են, որ սերտիֆիկացված սարքը չի կարող հանգեցնել առողջ մարդու մահվան, եւ խոսակցություններն այն մասին, թե սրտի շրջանում հարվածը կարող է կանգնեցնել այն, պարզապես առասպել է: Այլ հարց է շները: Թափառող կենդանիներին վախեցնելու համար հարմար են ցանկացած դասի սարքերը: Շները վախենում են շոկերի արձակած բարձր ճռռոցից, քիմիական ռեակցիայի հետեւանքով առաջացած օզոնի հոտից եւ հոսանքին ուղեկցող պայծառ աղեղից: Շներին վախեցնելու համար բավական է օդում հոսանքահարել: Շներն ավելի ընկալունակ են հոսանքի հանդեպ, ուստի նրանք հարվածից կարող են սատկել:

NEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզել իրավիճակը հայկական շուկայում: Իհարկե, այս հոդվածը նպատակ չունի սպառիչ տեղեկատվություն տրամադրել: Խանութների եւ մատակարարների անունները նշված չեն՝ գովազդից կամ երբեմն հակագովազդից խուսափելու համար, քանի որ որոշ վաճառողներ ակնհայտ ագրեսիա են ցուցաբերել կամ հրաժարվել են պատասխանել հարցերին:

Տեսականու մասին ընդհանուր տպավորություն կարելի է կազմել նայելով list.am-ի համապատասխան բաժինը: Առաջարկվող ապրանքների մեծ մասը չինական արտադրության է, ավելի հազվադեպ՝ ռուսական եւ ամերիկյան: Կան մասնագիտացված խանութներ (մասնագիտացված ինքնապաշտպանական միջոցների, որսորդական պարագաների վաճառքի մեջ), ոչ մասնագիտացված խանութներ եւ մասնավոր վաճառողներ: Վերջիններս մեծամասնություն են կազմում:

Ապրանքները ներկայացված են դասական էլեկտրաշոկերներով, շոկեր-լապտերներով, շոկեր-մահակներով: Գները՝ 5500 դրամից մինչեւ 25 000 դրամ: Առավել տարածված միջին շարքն արժե 8000-10000 դրամ: Բայց, որպես կանոն, տերերն ու վաճառողները դժվարանում են ասել, թե որ դասին է պատկանում սարքը: Ոչ բոլորը կայք ունեն, ինչը մեծապես բարդացնում է ընտրության գործընթացը: Հեռախոսային արագ հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ, որպես կանոն, խանութների սեփականատերերը կամ աշխատակիցները, ինչպես նաեւ մասնավոր վաճառողները դժվարանում են հաղորդել ապրանքի տեխնիկական բնութագրերը։ Եթե գնումը կատարվում է խանութում, հավանական գնորդը կարող է տեղում ծանոթանալ սարքի տեխնիկական բնութագրերին եւ ընտրություն կատարել, եթե, իհարկե, նա հասկանում է ապրանքից: Եթե էլեկտրաշոկերը գնվում է մի մարդուց, որը ծանոթ չէ դրա դասակարգմանը (իսկ «անտեղյակները» ակնհայտ մեծամասնություն են կազմում), ստիպված եք հավատալ վաճառողի խոսքին եւ «պարկի մեջ կատու» գնել։

Շոկերների վաճառքը, ինչպես նաեւ կիրառումը Հայաստանում, օրենսդրորեն կարգավորված չէ: Այլ կերպ ասած, եթե գազային ատրճանակ գնելու համար անհրաժեշտ է թույլտվություն, շոկեր գնելու համար այն չի պահանջվում, նույնիսկ գնորդի հոգեկան վիճակի մասին տեղեկանք պետք չէ: Չկա ոչ տարիքային, ոչ էլ սարքի հզորության սահմանափակում: Եթե, չնայած առողջության համար անվտանգ լինելու վերաբերյալ փորձագետների հավաստիացումներին, մարդուն վնաս հասցվի, պատասխանատվությունը կսահմանվի «ընդհանուր հիմունքներով»: Ինչ վերաբերում է շոկերին՝ որպես վախեցնելու միջոցի, անձնական փորձից կարող եմ ասել, որ ագրեսիվ շներին վախեցնելու հարցում այն ավելի արդյունավետ է, քան ցանկացած այլ միջոց:

Այս ոլորտում օրենսդրության բացակայությունը ավելի շուտ վկայում է բնակչության շրջանում շոկերների սահմանափակ տարածվածության եւ այս ոլորտում խնդիրների բացակայության մասին: Այնուամենայնիվ, ամփոփելով, կարելի է ասել, որ ինչ-որ կարգավորում, ամեն դեպքում, անհրաժեշտ է: Չէ որ, ի վերջո, էլեկտրաշոկերը, նախատեսված լինելով ինքնապաշտպանության համար, կարող է հայտնվել չարագործի կամ պարզապես հոգեկան անհավասարակշիռ մարդու ձեռքում: