ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի վրիպել է` հայտարարելով, որ երեխաներին ավելի շատ է սիրում, քան մարդկանց: Ամերիկացի առաջնորդն այդ «խոստովանությունն» արել է Միլուոկիում (Վիսկոնսին) հանրության հետ հանդիպմանն իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բեմ դուրս գալով` Բայդենը ողջունել է CNN-ի հաղորդավար Անդերսոն Կուպերին. «Ուրախ եմ ձեզ տեսնել, ինչպե՞ս եք,- դիմել է նա Կուպերին:- Հասկանալի է, որ դու հիմա կնախընտրեիր տանը լինել եւ ժամանակ անցկացնել երեխայիդ հետ, այլ ոչ թե այստեղ` ինձ հետ»:
Հաղորդավարը, ով հայր էր դարձել անցած ապրիլին, համաձայնել է Բայդենի հետ: «Այո, նա արդեն ինը ու կես ամսական է»,- պատասխանել է Կուպերը: «Քեզ լավ եմ հասկանում: Բոլորն էլ գիտեն, որ ինձ երեխաներն ավելի շատ են դուր գալիս, քան մարդիկ»,- ասել է ԱՄՆ նախագահը` նշելով, որ, չնայած իր աշխատանքին, փորձում է ժամանակ հատկացնել թոռներին:
Ավելի վաղ 78-ամյա Բայդենն իր ելույթում բազմիցս վրիպել եւ սխալներ է թույլ տվել իր խոսքում: ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում հաճախ էր քննադատում նրան այս կապակցությամբ:





























