Ե՛վ նախկին, եւ՛ ներկայիս իշխանությունների հայտարարությունները պետք է ստուգի անկախ հանձնաժողովը: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ մանրամասն ուսումնասիրման ենթակա են բանակցային գործընթացի, մինչ պատերազմը եւ դրանից հետո բանակի հրամանատարության հետ կապված բոլոր ասպեկտները: «Հանձնաժողով պետք է ձեւավորել պարիտետային հիմքով, եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության հավասար մասնակցությամբ: Միայն այդ դեպքում հանձնաժողովի եզրակացությունն անաչառ կլինի եւ վստահություն կառաջացնի»,-նշեց պատգամավորը:
Ընդ որում, Մարուքյանը նկատեց, որ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի իրադարձությունները քննող հանձնաժողովներին չեն վստահել, քանի որ դրանք ղեկավարել են այդ պահին գործող իշխանության ներկայացուցիչները:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ հոկտեմբերի 2-ին եղել է Արցախում, որտեղ նրան ասել են, որ փորձառու գեներալներին իսկապես թույլ չեն տվել մասնակցել հրամանատարությանն ու նույնիսկ ռազմական օպերացիաներին վերաբերվող քննարկումներին: Ինքը՝ Մարուքյանը, ներկա չի գտնվել նման միջադեպերի, սակայն գիտի այդ մասին մարդկանց պատմածից: «Հայտնի է նաեւ, որ ՀՀ նախկին նախագահները Արցախի նախագահին առաջարկել են հանդիպել, սակայն վերջինս հրաժարվել է: Պետք է հասկանալ՝ ինչու է նա հրաժարվել»,-եզրափակեց Մարուքյանը:





























