2018 թվականի շարժումը ի սկզբանե հենց Ղարաբաղը հանձնելու նպատակ ուներ: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով՝ տարածքների հանձնումը արդեն երկար տարիներ այսօր կառավարող ուժի թեզն է, դեռեւս մինչեւ իշխանության զավթումը, այս մասին լավ հայտնի է, նրանց առաջնորդն ասում էր, որ այդ տարածքները «օկուպացված» հողեր են:

Նա նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները 3 տարում չեն կարողացել ձեւակերպել ղարաբաղյան հարցի լուծման իրենց տեսլականը, ո՛չ կապիտաուլյանտը, ո՛չ նրա թիմը ոչ մի բան չեն ասել կարգավիճակի մասին, իրենց ընդունած անվտանգության ռազմավարության մեջ այս մասին ոչ մի խոսք չկա: «Նա ասում էր, որ զրոյական կետից է սկսում եւ հարեւանների հետ հարաբերություններում մեզ բերեց զրոյական կետի, ինչի մասին են վկայում իրանցի պաշտոնյաների նախկինում անհավատալի հայտարարությունները, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում մեր շահերին: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ կապիտուլյանտը միանձնյա ստորագրեց հայտնի հայտարարությունը: Ի տարբերություն նրա՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը հրաշալի ծանոթ է բանակցային գործընթացի նրբություններին, ղարաբաղյան հարցին հատուկ նշանակություն էր տալիս: Նրա կողմից ոչ մի զիջման մասին խոսք լինել չէր կարող: Նա ցանկանում էր Ղարաբաղն ազատ ու անկախ տեսնել, եւ ամենագլխավորը՝ հստակ որոշված կարգավիճակով: Այլ հարց է, որ ցանկացած բանակցություն փոխզիջում է ենթադրում, եւ այն պետք է տեղ գտնի: Տարբերությունն այն է, որ այդ ժամանակ թելադրող կողմը մենք էինք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ինքն է այդ կապակցությամբ ասել, որ իր վրա ճնշում է գործադրվում: Այսօր նա հասկանում է, որ Ղարաբաղի մի մասը չի գրավել, իրեն այն հանձնել են»,- հավելեց Աճեմյանը:

Նախկին պատգամավորը նշեց, որ ներկայիս իշխանությունների դավադիր էությունը դրսեւորվեց նաեւ պատերազմի ժամանակ, երբ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հանուն սեփական փիառի հրաժարվեց հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, երբ զրահաբաճկոններ էին գնում եռակի թանկ, երբ մեկուսացրել էին գեներալներին, որոնք կկարողանային պաշտպանության կազմակերպման մեջ կարեւոր դեր խաղալ:

Նա շեշտեց, որ բոլորը, ովքեր նոյեմբերի 10-ից հետո իշխանությունների կողքին են, պատասխանատվությունը կիսում են նրա հետ:

Կարինե Աճեմյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն երկրի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ, մասնակցել փետրվարի 20-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին: