ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կտրուկ քննադատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի «անհամաչափ եւ անարդարացի» բաշխումը: Նա հայտարարել է, որ 10 երկրներ ղեկավարում են բոլոր պատվաստանյութերի 75 տոկոսը, հաղորդում է AP-ը:

Ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ նիստում՝ նա նշել է, որ 130 երկիր չի ստացել ոչ մի չափաբաժին պատվաստանյութ:

Գուտերիշը կոչ է արել անհապաղ մշակել պատվաստման գլոբալ ծրագիրը, որպեսզի միավորի նրանց, ովքեր իրավունք ունեն ապահովելու պատվաստանյութերի արդարացի բաշխումը:

Նա նաեւ կոչ է արել աշխարհի առաջատար տնտեսական տերություններին, որոնք ներառված են G20-ում, արտակարգ իրավիճակների հարցով աշխատանքային խումբ ստեղծել ծրագրի մշակման եւ դրա իրականացման ու ֆինանսավորման համար:

Նրա խոսքով՝ թիրախային խումբը պետք է հնարավորություն ունենա «մոբիլիզացնել դեղագործական ընկերություններն ու ոլորտի առանցքային մասնակիցներին»: