Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի խափանման միջոցը կալանավորման փոխելու մասին:

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընդդիմության առաջնորդի գործով դատավարությունը սկսվել է այսօր ժամը 16:00-ին եւ տեւել է ավելի քան վեց ժամ:

Գլխավոր դատախազությունը նախօրեին դիմել էր Թբիլիսիի քաղաքային դատարան` Նիկա Մելիայի խափանման միջոցը գրավի վճարումից ավելի խիստ պատժի` ազատազրկման փոխելու միջնորդությամբ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Դատախազությունը դիմել է դատարան այն բանից հետո, երբ խորհրդարանը որոշել է կասեցնել Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Նա պաշտոնապես շարունակում է մնալ խորհրդարանի անդամ, չնայած, խորհրդարան մտած 50 այլ ընդդիմադիրների հետ հրաժարվել է մանդատից, քանի որ ընտրությունները կեղծված է համարում:

Քննչական գերատեսչությունը դիմել է խորհրդարան այն բանից հետո, երբ լրացել է 70 000 լարի գրավի վճարման վերջնաժամկետը, որը Մելիայի համար նշանակվել էր որպես խափանման միջոց՝ 2019 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած անկարգությունների գործով, որը հայտնի է նաեւ որպես «Գավրիլովի գիշեր»: Քաղաքական գործիչը մեղադրվում է խմբակային բռնություն կազմակերպելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ դրան մասնակցելու մեջ:

Գրավը չվճարելու Մելիայի որոշումը սկզբունքային է եղել:

Իր դեմ հարուցված գործը նա շինծու է համարում: Քաղաքական գործիչը բազմիցս հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանքը» պետական ինստիտուտներն օգտագործում է իրեն քաղաքական գործընթացներից հեռացնելու համար:

Անկարգությունների գործով հետաքննության շրջանակներում նախորդ գումարման օրենսդիր մարմինը դատախազության պահանջով մեկ անգամ արդեն զրկել էր Մելիային անձեռնմխելիությունից: Դա տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 26-ին:

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ ընդդիմադրին մինչ քննության ավարտը ազատ էին արձակել 30 000 լարի գումարի չափով գրավի դիմաց: Նրանք նաեւ էլեկտրոնային ապարանջան էին տվել Մելիային եւ արգելել էին առանց դատախազության թույլտվության դուրս գալ տանից:

Վեց ամիս անց, 2020 թվականի նոյեմբերի 1-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ակցիայի ժամանակ Մելիան ցուցադրաբար պոկել եւ նետել էր էլեկտրոնային ապարանջանը: Քաղաքական գործիչն ասել էր, որ չի պատրաստվում ապարանջան կրել, քանի որ դա անարդարության խորհրդանիշ է:

Դրանից հետո դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով խստացնել Մելիայի խափանման միջոցը: Միջնորդությունը մասամբ բավարարվել էր: Գրավի գումարը նախ մեծացրել էին մինչեւ 40 000, իսկ հետո` մինչեւ 70 000 լարի: Մելիային նաեւ արգելվել էր հատել պետական սահմանը՝ առանց նախնական ծանուցման եւ դատախազության համաձայնության:

Ընդդիմադիրը պետք է գումարը վճարեր սահմանված 50 օրվա ընթացքում, այսինքն մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 24-ը: Ինքը՝ Մելիան, այսպես է մեկնաբանել դա. «Ես չեմ վճարի, եւ դուք ինձ չեք ձերբակալի»:

Ընդդիմությունը հայտարարել է, որ եթե իշխանությունները ձերբակալեն Մելիային, ապա իրենք բողոքի գործողություններով կպատասխանեն: Բացի այդ, սա կնշանակի ընդհանրապես հրաժարվել կառավարության եւ ընդդիմադիր կուսակցությունների բանակցություններից: