ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները չեն որոշել Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամկետները: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Այս փուլում մենք վերջնական որոշում չենք կայացրել մեր ներկայության ապագայի վերաբերյալ»,- ասել է նա պաշտպանության նախարարների հետ տեսակոնֆերանսի ավարտից հետո: «Մայիսի 1-ի վերջնաժամկետի մոտենալու հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցները առաջիկա շաբաթներին կշարունակեն սերտ խորհրդակցությունները եւ համակարգումը»,- մամուլի ասուլիսում ասել է նա:

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Կրամպ-Կարենբաուերն ավելի վաղ հայտարարել էր, որ «Թալիբանը» պետք է ավելին անի՝ օտարերկրյա զորքերը դուրս բերելու 2020 թվականի ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները կատարելու համար:

«Մենք շատ երկընտրանքների ենք բախվում,եւ հեշտ տարբերակներ չկան»,- ասել է Սթոլթենբերգը: «Եթե մենք մնանք մայիսի 1-ից հետո, մենք ավելի շատ բռնությունների, մեր զորքերի վրա ավելի շատ հարձակումների բախվելու ռիսկի ենք դիմում... Բայց եթե հեռանանք, նաեւ մեր ձեռքբերումները կորցնելու ռիսկի կդիմենք»: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստացել է հետագա քայլերի մասին խորհրդակցել դաշնակիցների ու գործընկերների հետ, հավելել է Սթոլթենբերգը: