Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ նորմալ հարաբերություններին խոչընդոտում է կանխակալությունը, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ կարելի է ասել, դրանք «կտոր-կտոր են արված», համարում է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

«Կանխակալությունը (խոչընդոտում է, խմբ.) մեծ հաշվով»,-ասել է Լավրովը ՌԲԿ-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ 2019 թվականի մայիսին Իսպանիայի ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող Ժոզեփ Բորելն ասել է, որ Ռուսաստանը Եվրամիության վաղեմի թշնամին է, որը «կրկին հիշեցնում է իր մասին եւ կրկին սպառնալիք ներկայացնում»: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմն այն ժամանակ ուղղված հարցին պատասխան է ստացել, որ Բորելին սխալ են հասկացել եւ նրա կողմից ասվածն ուրիշ իմաստ ուներ:

«Սակայն մտածողությունն ակնհայտ էր: Մեզ ընկալում են՝ որպես օտարի: Ինչպես մի օր արտահայտվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման (ճիշտ է՝ ռուսական տնտեսության մասին), հարաբերությունները «կտոր-կտոր են արված»,-պարզաբանել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաեւ հավելել է, որ Մոսկվայի եւ Բրյուսելի փոխհարաբերությունների մի շարք մեխանիզմներ ձախողվել են, օրինակ, ինչպես Գործընկերության եւ համագործակցության խորհուրդը, որի շրջանակում ՌԴ ԱԳՆ եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչն ամփոփել են հարաբերությունների ամբողջ համալիրը: