«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին ԱԱԾ դիմակավորված ծառայողներն իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ, սակայն, փաստաբանի մուտքն ԱԱԾ խոչընդոտվում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բեքարյանի փաստաբանը՝ Գոռ Միքայելյանը՝ հավելելով, որ իրեն դեռ դեռ չի հաջողվել հանդիպել Կարեն Բեքարյանին։
«Քննիչի հետ կապ հաստատել չեմ կարող, հեռախոսազանգերիս չի պատասխանում, ԱԱԾ անցակետում ինձ հայտնում են, որ իրենք որեւէ առնչություն չունեն, բոլոր հարցերը քննիչի հետ»,-ասել է Միքայելյանը։
Հարցին, թե գուցե աշխատանքային ընթացակարգ է, փաստաբանն ասել է. «Ոչ, չկա նման գործողության անհրաժեշտություն, որ պայմանավորեմ աշխատանքային ընթացակարգով։ Պարզապես դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից»։




























