Մոսկվայի քաղաքային դատարանը չի բավարարել բողոքարկումն ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու պայմանաբական պատժաչափի չեղարկման մասին «Իվ Ռոշե»-ի գործի շրջանակներում, գրում է «Կոմերսանտ»-ը:
Նիստը կայացել է Բաբուշկինսկի դատարանի շենքում: Պաշտպանության խնդրանքով` Ալեքսեյ Նավալնու պատժի ընդհանուր ժամկետին լրացուցիչ 1.5 ամիս տնային կալանք նշանակվեց: Հաշվի առնելով կրած պատիժը` ընդդիմադիրը 2.5 տարի կանցկացնի գաղութում:
Ալեքսեյ Նավալնու պաշտպանությունը նախատեսում է վճռաբեկ բողոք ներկայացնել դատարանի որոշման դեմ: Ընդդիմադիրի փաստաբանները չեն բացառում, որ նա գաղութ կտեղափոխվի արդեն այսօր:
Իր վերջին խոսքում ընդդիմադիրը հայտարարեց. «Այնքան հաճախ եմ ես վերջին խոսքով հանդես գալիս: Հիմա այս դատավարությունը կավարտվի, կլինի եւս մեկը: Եվ այնտեղ նույնպես կլինի իմ վերջին խոսքը: Եթե ինչ-որ մեկը որոշի հրատարակել իմ վերջին խոսքերը, հաստափոր գիրք կստացվի»: Ապա նա հիշատակեց Գելենջիկու «պալատի» վերաբերյալ հետաքննությունը, պատմեց Աստծո հանդեպ հավատքի մասին եւ հատված մեջբերեց «Հարի Փոթեր» գրքից «Ռիկը եւ Մորտին» մուլտֆիլմից եւ «Բրատ» ֆիլմից: Նա նաեւ հայտարարեց, որ իր պահակախմբին արգելվել է խոսել իր հետ, եւ պատմեց այն նամակների մասին, որոնք նա ստացել է նախնական կալանքի վայրում:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Սիմոնովսկիի շրջանային դատարանը Մոսկվայի քաղաքային դատարանում կայացած դաշտային նիստին Ալեքսեյ Նավալնու պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով փոխարինեց իրական պատժով: Փետրվարի 17-ին ՄԻԵԴ-ը Ռուսաստանի իշխանություններից պահանջեց ազատ արձակել քաղաքական գործչին միջանկյալ միջոցառումների շրջանակներում: Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն այդ պահանջն անիրագործելի անվանեց:





























