Սաուդյան Արաբիան առաջիկա 10 տարիների ընթացքում ավելի քան 20 միլիարդ դոլար կներդնի իր ռազմական արդյունաբերության մեջ՝ որպես տեղական ռազմական ծախսերը մեծացնելու «ագրեսիվ» ծրագրերի մի մաս, շաբաթ օրը հայտարարել է թագավորության ռազմարդյունաբերության կարգավորման գերատեսչությունը, հաղորդում է Reuters-ը:
Պետությունը ցանկանում է ավելի շատ զենք եւ ռազմական համակարգեր մշակել ու արտադրել երկրի ներսում՝ նախատեսելով մինչեւ 2030 թվականը երկրի տարածքում ծախսել ռազմական բյուջեի 50%-ը:
«Կառավարությունը ներկայացրել է մի ծրագիր, որի համաձայն հաջորդ տասնամյակի ընթացքում մենք ավելի քան 10 միլիարդ դոլար կներդնենք Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության մեջ եւ նույնքան էլ՝ հետազոտությունների ու մշակումների մեջ»,- Աբու Դաբիում պաշտպանության հարցերով համաժողովում հայտարարել է ռազմական արդյունաբերության գլխավոր վարչության ղեկավար Ահմեդ բեն Աբդել Ազիզ ալ-Օհալին:
Նա նաեւ նշել է, որ թագավորությունը նախատեսում է մինչ 2030 թվականը ռազմական հետազոտությունների եւ մշակումների ծախսերը սպառազինության ծախսերի 0,2%-ից ավելացնել մինչեւ մոտ 4%:





























