Երկուշաբթի Էստոնիայի Respiray տեխնոլոգիական ընկերությունը օդի զտիչ է թողարկել, որը, ըստ դրա, ուլտրամանուշակագույն լույսի միջոցով ոչնչացնում է մարդու շնչած օդում առկա վիրուսների եւ բակտերիաների 99 տոկոսից ավելին, հաղորդում է Reuters-ը:
Respiray-ը հայտնում է, որ սարքը մշակվել է Էստոնիայի եւ Լեհաստանի համալսարանների հետ համագործակցությամբ` Էստոնիայի կրթության նախարարության աջակցությամբ:
Կրթության փոխնախարար Ինդրեք Ռեյմանդը նշել է, որ Respiray օդի զտիչները պատվաստանյութերի, դեղամիջոցների եւ սոցիալական հեռավորության հետ մեկտեղ որպես COVID-19-ի դեմ պայքարի գործիքատուփի լրացուցիչ տարր է դիտարկում: «Վիրուսի դեմ կախարդական փայտիկ չկա, սակայն մի շարք ջանքեր միասին օգնում են դուրս գալ համավարակից»,- ասել է Ռեյմանդը:
Ընկերությունը պնդում է, որ իր օդի զտիչը հիմնված է շնչառության ջերմոդինամիկայի (մեր շնչած օդի մեծ մասը գալիս է մարմնի մակերեւույթից բարձրացող օդային հոսանքներից) եւ ուլտրամանուշակագույն լույսի հայտնի ախտահանիչ հատկությունների վրա:
Սարքը բաղկացած է պլաստիկ պատյանից պարանոցի վրա` դեմքի համար լրացուցիչ թափանցիկ վահանով: Այն սնուցվում է մարտկոցից, որի լիցքը բավական է մոտ 8 ժամվա համար:
Respiray-ի խոսքով` օդը նախ անցնում է ընդունիչ ֆիլտրի միջով, որը հեռացնում է փոշին եւ ավելի մեծ մասնիկները, ապա անցնում է UV-C ուլտրամանուշակագույն լուսադիոդային մոդուլի միջով, նախքան օգտագործողի դեմքին մոտենալը:
Լեհաստանի Լոձի համալսարանի փորձարկումները E.coli եւ S. aureus բակտերիաների 99.68 եւ 99.88 տոկոս կրճատում են ցույց տվել, հայտնում են ընկերությունում:
Տարտուի համալսարանում (Էստոնիա) անցկացված հետազոտությունը 99.4 տոկոս արդյունավետություն է ցույց տվել ալֆա վիրուսի չեզոքացման գործում, ինչը, ըստ համալսարանի կենսաանվտանգության կենտրոնի ղեկավար Լիան Վիրուի, իր չափսերով եւ կառուցվածքով նման է SARS-CoV-2-ին:
Սարքը 279 եվրո արժե:




























