Ուրանի հարստացումը չի սահմանափակվում 20%-ով եւ կարող է հասնել 60%-ի: Այս մասին Իրանի փորձագետների ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, գրում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանը չի փոխի դիրքորոշումը իր միջուկային ծրագրի վերաբերյալ: Նա նշել է, որ Թեհրանը կարող է ուրանի մինչեւ 60% հարստացում նախաձեռնել`կախված երկրի ներքին կարիքներից:

Այաթոլլա Խամենեին քննադատել է ԱՄՆ-ին եւ եվրոպական եռյակին (Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա) միջուկային գործարքի վերաբերյալ իրենց պարտավորությունները չկատարելու համար՝ շեշտելով, որ Իսլամական հանրապետությունն ի սկզբանե կատարել է ԳՀՀԾ-ի պարտավորությունները:

Անդրադառնալով ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով Իրանի կողմից ԳՀՀԾ-ի պարտավորությունների կրճատմանը, Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը կվերադառնա համաձայնագրին, եթե ստորագրող մյուս կողմերը կատարեն իրենց պարտավորությունները:

Նա նաեւ հավաստիացրել է, որ Իրանը իսլամական սկզբունքների պատճառով չի ձգտում միջուկային կամ քիմիական զենք ստեղծել: «Քաղաքացիական եւ անմեղ մարդկանց սպանելը ամերիկացիների եւ Արեւմուտքի սովորությունն է, եւ Իսլամական Հանրապետությունը չի ընդունում այդ մեթոդը, ուստի չի մտածում միջուկային զենքի մասին»,- ասել է նա:

Խամենեիի խոսքով՝ Արեւմուտքը ցանկանում է, որ Իրանը միջուկային էներգիայի հարցում կախված լինի իրենից, որպեսզի իր կամքը պարտադրի Իսլամական Հանրապետությանը: