Իսրայելը ԱՄՆ-ի հետ իր տարաձայնություններն Իրանի շուրջ կլուծը «կուլիսներում», հայտնում է Իսրայելի բանակի ռադիոն` վկայակոչելով ռազմավարության մշակման մեջ ներգրավված աղբյուրները:

Բենիամին Նեթանյահուի կառավարությունը որոշում է կայացրել խուսափել հանրային վեճերից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ` 2015 թվականի Իրանի միջուկային գործարքին վերադառնալու նրա ցանկության պատճառով, սակայն այս մոտեցումը կարող է փոխվել Բայդենի վարչակազմի գործողություններից:

Նեթանյահուն հինգերորդ անգամ է մասնակցում մարտի 23-ին կայանալիք ընտրություններին:

Երկուշաբթի օրը Նեթանյահուն Իրանի հարցով իր առաջին հանդիպումն անցկացրեց իր կենտրոնամետ քաղաքական հակառակորդների` պաշտպանության նախարար Բենի Գանցի եւ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ, ինչը, ըստ պաշտոնյաների, իսրայելական միավորված ճակատ ստեղծելու փորձ էր:

Ավելի վաղ Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ սկսել Թեհրանի հետ համաձայնագրի կատարմանը փոխադարձաբար վերադառնալու շուրջ: Իսրայելը հայտարարել է, որ այդ հարցի շուրջ «սերտ կապի մեջ է» Վաշինգտոնի հետ` նշելով, որ 2015-ի գործարքին վերադարձն «Իրանի համար ճանապարհ կբացի դեպի միջուկային զինանոց»: