Եվրամիությանը պետք չէ «Հյուսիսային հոսք 2» գազատարը` իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, բայց նախագիծը դադարեցնելու մասին որոշումը պետք է Գերմանիան կայացնի:

«Եվրամիության համար, ընդհանուր առմամբ, «Հյուսիսային հոսք 2»-ը չի ապահովում մատակարարման հուսալիություն»,- ասել է Եվրահանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Դիտե Յուլ Յորգենսենը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակի ընթացքում այլ խողովակաշարերում ներդրումները, հեղուկ բնական գազի ներմուծման տերմինալները եւ Եվրոպայում միջցանցային միավորումներն արդեն իսկ ապահովել են բավարար մատակարարումներ ԵՄ էներգետիկ կարիքների համար: Նա նշել է, որ նախագիծը կասեցնելու ցանկացած որոշում պետք է կայացնի Գերմանիան: «Իրականում շինարարության դադարեցումը պահանջում է որոշում ազգային մակարդակով: Այս որոշումը չի կարող ընդունվել եվրոպական մակարդակով»,- ասել է նա: