Boeing ընկերությունն աշխատում է կարգավորողների եւ հաճախորդների հետ Ասիայի երկինք 737 MAX-ը վերադարձնելու շուրջ, որտեղ թռիչքներ չի կատարել գրեթե 2 տարի շարունակ՝ ողբերգական երկու վթարներից հետո, հայտարարել է ընկերության կոմերցիոն մարքեթինգի հարցերով փոխնախագահ Դարեն Հալսթը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք շարունակում ենք աշխատել մեր գլոբալ կարգավորողների եւ հաճախորդների հետ, որ ամբողջ աշխարհում ծառայության վերադարձնենք 737 MAX-ը: Բայց մենք պատրաստվում ենք կարգավորողներին տրամադրել անհատական տեղեկություն վերասերտիֆիկատացման ժամկետների մասին՝ ըստ տեղադրման վայրի»,- ասել է լրագրողներին Հալսթը հարավարեւելյան ասիական շուկայի թեմայով ճեպազրույցի ժամանակ:
ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Բրազիլիայում կարգավորողներն արդեն հավանություն են տվել թռիչքներին օդանավի վերադառնալուն տեխնիկական արդիականացումից եւ օդաչուների լրացուցիչ ուսուցումից հետո:
Ասիական երկրները մինչեւ հիմա 737 MAX-ի վերադարձի թույլտվություն չէին տալիս, չնայած անցյալ ամիս Boeing-ը հայտարարել էր, որ 2021 թվականի առաջին կեսին սպասում է մնացած կարգավորողներից թույլտվություն ստանալ:
Չինաստանն աշխարհում առաջին երկիրն է դարձել, որը 2019 թվականին արգելել է իր օդային տարածքում 737 MAX-ի թռիչքները, ընդ որում՝ չնշելով, թե երբ կհանի արգելքը:
Չինաստանի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հնդկաստանի եւ Ֆիջիի ավիաընկերությունները օդանավի այս մոդելը շահագործել են մինչեւ դրա ցամաքում հայտնվելը՝ 2018 թվականի հոկտեմբերին Ինդոնեզիայում եւ 2019 թվականի մարտին Եթովպիայում վթարներից հետո:
Հալսթը հայտարարել է, որ շարունակում է լավատես մնալ Հարավարեւելյան Ասիայում MAX-ի պահանջարկի հարցում՝ պահանջարկի ավելի լայն 20-ամյա կանխատեսման շրջանակում: 2020-2039 ժամանակահատվածում 4 400 օդանավերի պահանջարկը գնահատվում է 700 մլրդ դոլար՝ ըստ կատալոգի գների:
Սա համեմատելի է նախորդ կանխատեսմանը՝ 710 մլրդ դոլար արժողությամբ 4 500 նոր օդանավեր 2019-2038 թվականների ժամանակահատվածում, որը կատարվել էր մինչ այն, երբ կորոնավիրուսի համավարակը հանգեցրեց ուղեւորությունների կտրուկ անկման:





























