Նոր Զելանդիայի ափերի մոտ հայտնաբերված խորը ծովային երեք տեսակ շնաձկներն ընդունակ են փայլել մթության մեջ: Կենդանիներին բռնել են անցյալ տարվա հունվարին՝ Նոր Զելանդիայից դեպի արեւելք գտնվող Չաթեմռեյզ ջրերում, բայց ուսումնասիրության արդյունքները միայն այժմ են հրապարակվել, հայտնում է BBC-ն:
Դրանցից մեկը՝ սեւ ուղղաբերան շնաձուկը, հասնում է 1,8 մետր երկարության, իսկ երկու տեսակի ավելի փոքր շնաձկների չափը, որոնք, ինչպես պարզվել է, նույնպես կարող են լույս տալ, չի գերազանցում 50-60 սմ-ը:
Դրանք բոլորը վաղուց հայտնի են գիտնականներին, բայց ծովային կենսաբանները փայլելու ունակության մասին առաջին անգամ են իմացել:
Նոր Զելանդիայի հայտնագործությունից հետո սեւ շնաձուկը դարձել է գիտությանը հայտնի մինչ օրս ամենամեծ լուսավորվող ողնաշարավորը:
Ծովային շատ օրգանիզմներ եւ միջատներ լույս են արձակում, բայց այս հատկությունը նախկինում շնաձկների մոտ չէր նկատվում:
Հազարավոր ֆոտոֆորներ՝ լուսավոր բջիջներ են գտնվում շնաձկների որովայնի հատվածի մաշկի տակ:
Բոլոր երեք տեսակներն ապրում են այսպես կոչված օվկիանոսի մթնշաղի գոտում, որը գտնվում է 200-1000 մետր խորությամբ (առավելագույն խորությունը, որտեղ թափանցում են արեգակի ցրված ճառագայթները): Թաքնվելու տեղ չկա:
Ըստ գիտնականների, որովայնի փոքր փայլը օգնում է շնաձկներին տեսողականորեն միաձուլվել ջրի հետ եւ աննկատ մնալ ավելի խորը լողացող գիշատիչների համար:





























