Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա` Այրվածքաբանության եւ ճառագայթաբանության գիտահետազոտական հանրապետական կենտրոն տեղափոխված 7-ամյա երեխային հունիսի 14-ին, արդեն չորրորդ անգամ վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Նրա խոսքով, վիրահատությունն անցել է բարեհաջող,  առանց բարդությունների, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս անգամ եւս կատարվել է առողջ մաշկի տեղափոխում վնասված հատված: Շուշան Հունանյանը նշեց, որ հետվիրահատական վիճակը եւս լավ է` դրական դինամիկայով, երեխան այժմ գտնվում է հետվիրահատական պալատում: Այս պահին երեխայի մարմնի ծածկույթի 4 տոկոսը վերականգնման կարիք ունի: Մի քանի օր հետո պարզ կլինի, թե հինգերորդ վիրահատության կարիք կլինի՞, թե` ոչ: Բժիշկների խոսքով` հնարավոր է, որ սա վերջին վիրահատությունը լինի, իսկ եթե նույնիսկ վերջինը չէ, ապա գոնե նախավերջինն է:

Նշենք, որ նախ վիրահատել էին երեխայի ծնոտը, ապա կատարել այրվածքների փուլային վիրահատության առաջին երկու վիրահատությունները: Վնասված հյուսվածքների հեռացումից հետո կատարել են մաշկի վերականգնում: Երեխայի մարմնի 17 տոկոսը այրված էր, այրվածքները` 3-4-րդ աստիճանի են:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով, ««Մերսեդեսը» պայթել էր եւ հրդեհ էր բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի էին վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել էին: Դեպքի վայր էին ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել էր ժամը 21:36-ին, մարվել՝ 22:35-ին: Սարսափելի վթարի հետեւանքով մահացել էր 4, վիրավորվել` 9 մարդ: Վիրավորները տեղափոխվել էին «Էրեբունի» բ/կ եւ համապատասխան բժշկական օգնություն էր ցուցաբերվել: