Երեկ «Առավոտ»-ը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է` ասում էիք, որ դատի եք տալու ԿԲ անդամների հասցեին վիրավորական արտահայտություններով հանդես եկած անձանց, ինչ-որ քայլ արե՞լ եք:
Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է, որն իր հրապարակային ելույթներից մեկում ԿԲ վարչության պետերից մեկի մասին ասել էր «պաթոլոգիական ապուշ»: Ջավադյանը պատասխանել է. «Կենտրոնական բանկը ինստիտուցիոնալ կառույց է, մեր մոտեցումներն էլ են ինստիտուցիոնալ, մենք ունենք ինստիտուցիոնալ համբերություն: Մի քիչ էլ կսպասենք, եւ եթե որեւէ կերպ շարունակվեն այդ վիրավրանքները կամ փորձեն ինչ-որ պատասխաններ տալ` այդ դեպքում անպայման: Ներողամտությունն ու հանդուրժողականությունը լավ բան են, բայց դա չի նշանակում, որ լռելու ենք ու չենք գնալու դատարան: Եթե որեւէ շարունակություն ունենա` միանշանակ կգնանք դատարան»:




























