Հարավային Կորեան մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու ջանքերի ֆոնին նվազագույնը եւս 2 շաբաթով ընդլայնում է սոցիալական հեռավորության պահպանման ընթացիկ միջոցները, փոխանցում է AP-ն:
Այդ միջոցները ներառում են ամբողջ երկրում 5 կամ ավելի թվով մարդկանց մասնավոր հավաքների եւ Սեուլում 22:00-ից հետո ռեստորաններում ու բարերում ճաշելու արգելք:
Երկրի առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Յուն Տեհոն ասել է, որ առողջապահության մարմինները հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ստուգելու են առեւտրի կենտրոնները, ռեստորանները, հանրային բաղնիքները:
Չնայած Հարավային Կորեան հաղթահարել է վիրուսի ամենավատ ալիքը, երբ ամենօրյա աճը Ծննդյան տոնի օրը հասել էր 1241-ի, երկրում հունվարի կեսից նախկինի պես օրական գրանցվում է 300-ից մինչեւ 400 նոր դեպք: Դրա մոտ 75 տոկոսը՝ Սեուլում:
Երկիրն ուրբաթ հայտնել էր կորոնավիրուսի 488 նոր դեպքի մասին, հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 94 686-ի, գրանցվել է մահվան 1662 դեպք:




























