Թուրքիայի գործողությունները պետք է ցուցադրեն համապատասխանություն եգիպտական սկզբունքների եւ նպատակների հետ, որպեսզի երկու երկրների հարաբերությունները դարձյալ կարգավորվեն, կիրակի հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին, հաղորդում է Reuters-ը:
Շուքրին հաստատել է Կահիրեի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական մակարդակում կապերի փաստը լարվածությունից երկար տարիներ անց, սակայն նշել է, որ երկխոսությունը սահմանափակ է:
Երկրների միջեւ հարաբերությունները պասիվացել են, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականի ցույցերից հետո վտարել էր երկրի նախագահ Մուհանեդ Մուրսիին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցն էր:
«Սովորական դիվանագիտական շրջանակներից դուրս չկա որեւէ հաղորդակցություն: Եթե Թուրքիայի կողմից իրական գործողություններն ի ցույց դնեն համապատասխանություն եգիպտական սկզբունքների եւ նպատակների հետ, ապա դա հիմք կլինի հարաբերությունները կարգավորելու համար»,-ասել է Շուքրին:
Անցած շաբաթ բարձրաստիճան թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ դիվանագիտական երկխոսությունը վերականգնվել է, եւ Անկարան ձգտում է հետագա համագործակցությունը զարգացնել: Էրդողանն ասել է, որ դիվանագիտական շփումներն «ամենաբարձր մակարդակի վրա չեն, այլ ուղիղ հակառակը»:
Եգիպտական հատուկ ծառայությունների աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան առաջարկել է անցկացնել հանդիպում համագործակցությունը քննարկելու համար:
Երկու տարածաշրջանային գերտերությունների միջեւ հարաբերությունների ցանկացած բարելավումը կարող է հետեւանքներ ունենալ Մերձավոր Արեւելքում, որտեղ Կահիրեն եւ Անկարան ձգտում են ազդել տարբեր թեժ կետերում իրադարձությունների զարգացման վրա եւ հակառակ կողմերում գտնվել միջերկրական ծովում վեճի շրջանակում:





























