Քաղաքացիական հասարակության թուրքական խումբը կարծես հրաժարվում է  Գազայի հատված հումանիտար տորմիղ ուղարկելու իր նախկին որոշումից` հայտարարելով, որ իրենց պլանները կարող են փոխվել հատկապես Սիրիայում իրադարձությունների զարգացումից: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review պարբերականը:

«Մենք վերանայում ենք մեր ծրագրերը: Չենք կարող աչք փակել մեր շեմին կատարվող իրադարձությունների վրա», – ասել է Հումանիտար օգնության հիմնադրամի (IHH) կառավարման անդամ եւ նոր նավատորմիղի ներկայացուցիչ  Հյուսեին Օրուչը:

Ավելի վաղ խումբը հաստատապես որոշել էր հունիսի վերջին կրկին Գազայի հատված ուղարկել «Mavi Marmara» նավը, որի վրա անցած տարի թուրք-իսրայելական բախումների հետեւանքով 9 մարդ էր զոհվել:

«Որոշումը կկայացնենք մինչեւ շաբաթվա վերջ», –հայտարարել է Օրուչը:

Նախնական ծրագրի համաձայն` տարբեր երկրեների 22 նավ, այդ թվում` «Mavi Marmara»-ն, մինչ Գազա շարժվելը, պետք է  հանդիպեին հունիսի 27-ին`Կիպրոսի  հարավային մասից ոչ հեռու միջազգային ջերերում: Ըստ Օրուչի` նոր տորմիղի մասնակից միջազգային ակտիվիստները  հանգստյան օերերին  հանդիպելու են Աթենքում:

«Մենք քննարկելու ենք նոր պայմանները: Մեր կարծիքով` իրավիճակը հարեւան Սիրիայում ծայրահեղ կարեւոր է», -ասել է նա: