Տանզանիայում տղամարդուն ձերբակալել են այն բանի համար, որ նա հրապարակավ հայտարարել է, թե նախագահ Ջոն Մագուֆուլին հիվանդ է: Առնվազն մեկ մարդ ձերբակալվել է «կեղծ տեղեկություններ տարածելու» համար, թե Մագուֆուլին ծանր հիվանդ է, ասել է ոստիկանության կոմիսար Ռամադանի Քինգաին, հայտնում է Associated Press-ը:

Business Insider-ը հայտնել է, որ Տանզանիայի նախագահին ավելի քան 17 օր հասարակության մեջ չեն տեսել:

Անցյալ տարվա մայիսին Մագուֆուլին հայտարարել էր, թե Տանզանիայում վիրուս չկա, դադարեցրել էր տվյալների հրապարակումը եւ հրաժարվել պատվաստումից այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը դրանք չի ստուգել անկախ կերպով, հաղորդում է Insider-ը: Մագուլֆուլին նաեւ դիմակ չի կրում եւ քննադատում է հարեւան երկրներում սահմանափակումները: Վերջին անգամ նրան հասարակության մեջ տեսել են փետրվարի 24-ին:

Ըստ BBC News-ի՝ Մագուֆուլիի օգնականը մարտի սկզբին մահացել է COVID-19-ից:

Տանզանիայի սահմանադրական հարցերով նախարարն ասել է, թե նրանք, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են, որ նախագահն անգործունակ է, կիբեռհանցագործություն են կատարում: