Մենք՝ մեր պետությունը, պետականությունը, սուբյեկտիվությունը եւ շատ ավելին, շարունակում ենք մնալ խայտառակ վիճակում, ընդ որում, շարունակում ենք խոսել այս կամ յան ֆիզիկական անձանց շահերի մասին: Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ երկրում առկա իրավիճակը վերաբերյալ:
Ըստ նախկին պատգամավորի՝ նման պայմաններում պետության շահերը պետք է առաջնային լինեն: Ընդ որում, նա համաձայն չէ Տեր-Պետրոսյանի կարծիքի հետ՝ վարչապետին արտերկիր մեկնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտության վերաբերյալ:
«Դա առնվազն անընդունելի է ինձ համար: Միգուցե հասարակության որոշ մասի համար դա ընդունելի է, բայց ես կարծում եմ, որ այդ անձն իր բոլոր գործողությունների համար պետք է տիեզերական պատասխանատվություն կրի: Ես չեմ նշի զոհերի, պատերազմների, կորուստների եւ շատ այլ բաների մասին, ինչը պարզապես դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից»,- ասաց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ նախկին նախագահի հայտարարությունը Փաշինյանին «միջանցք» տրամադրելու մասին շատ լիրիկական ու մեղմ է հնչում:
Միեւնույն ժամանակ, Բոստանջյանը նշեց, որ նախկինում Տեր-Պետրոսյանը շատ հարցերում ակտիվորեն օգտագործել էր Նիկոլ Փաշինյանին իր անձնական նպատակների եւ շահերի համար:
«Կան շատ պահեր, որոնք դեռ հայտնի չեն մեր հասարակությանը: Միգուցե դա մի օր տեղի ունենա»,- ասաց նախկին պատգամավորը:
Նշենք, որ, ըստ ՀՀ առաջին նախագահի, ինչպես պետության, այնպես էլ ժողովրդի եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերին համապատասխանող միակ ելքը վերջինիս անհապաղ եւ կամավոր հրաժարականն է, Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների, նրա՝ արտասահմանում թեկուզ ժամանակավոր ապաստանի ապահովումը:





























