«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշանակվել է Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ: Նա աշխատելու է Երեւանում եւ արդեն զբաղվում է նոր գործունեությամբ: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մհեր Շահգելդյանը. «Սա հասարակական գործունեություն է, սա աշխատանք չէ` որպես այդպիսին, Ռուսաստանի հայերի միությունն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են գիտական, մշակութային խնդիրների լուծմանը, ազգային արժեքների ճանաչմանը»,- նշեց Մհեր Շահգելդյանը:
Հարցին, թե նախընտրական թեժ տարում ինչպե՞ս է համատեղելու նոր աշխատանքը կուսակցական գործունեության հետ, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Կուսակցական աշխատանքի հետ սա ոչ մի կապ չունի. Ես շարունակելու եմ զբաղվել կուսակցական աշխատանքով, այնպես ինչպես եւ զբաղվել եմ»:
Հիշեցնենք, որ Մհեր Շահգելդյանն իր իսկ հրաժարականով հեռացել էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից եւ մեկ տարի է` զբաղվում է զուտ կուսակցական գործունեությամբ: Մեզ հետ զրույցում նա հրաժարվեց գնահատական տալ իր կուսակցական գործունեությանը` հավելելով, որ դա պետք է անի հասարակությունը եւ կուսակցական ընկերները:




























