Իսրայելն ընդլայնում է իր դիվանագիտական ներկայությունը Պարսից ծոցում՝ «պաշտպանական դաշինք» ստեղծելով, որը կներառի Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան, հայտնում է իսրայելական i24News հեռուստաալիքը: Դաշինքի պոտենցիալ արաբական անդամները կարծես թե զգուշանում են Իսրայելի հետ ավելի խորը հարաբերությունների մեջ մտնելուց, սակայն այդ քայլը նրանց ստիպում է Իսրայելի եւ արաբական մի շարք պետությունների հարաբերությունների բարելավումը դիտարկել հեռանկարում, գրում է The National Interest-ը:
«Իսրայելա-արաբական հարաբերությունների վերականգնման հիմնական շարժիչ ուժը բարի կամքի եւ խաղաղության բեկում չէ: Հակառակը, Իսրայելի կառավարության բուռն ցանկությունն է ցույց տալ, որ պաղեստինցիների հետ հակամարտության շարունակական խթանումը եւ պաղեստինաբնակ տարածքների փաստացի բռնակցումն Իսրայելին աքսորի չեն դատապարտի: Այն ամենը, ինչ ուզում է Իսրայելի կառավարությունը, իհարկե, էականորեն ազդում է նրա վրա, թե ինչպես է ցանկացած հարց ընկալվում ամերիկյան քաղաքական դիսկուրսում: Այս պարագայում այդ կապը հատկապես նկատելի էր Թրամփի վարչակազմի օրոք, որը գովազդում էր հարաբերությունների բարելավումը ոչ միայն Իսրայելի կառավարության օրինակին հետեւող խմբերին դիմելու համար, այլեւ այդ թարմացումներն արտաքին քաղաքականության «ձեռքբերումներ» հայտարարելու համար:
Հարկ է հիշեցնել, որ Թրամփի վարչակազմը ստիպված էր կաշառել արաբական կառավարություններին Իսրայելի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: ԱՄԷ-ի համար կաշառք դարձան F-35 կործանիչները եւ այլ ժամանակակից ռազմական տեխնիկան: Սուդանի համար դա բացառություն էր ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակից: Մարոկկոյի համար դա լրացուցիչ զենքի տրամադրումն էր եւ Արեւմտյան Սահարայի հարցում ԱՄՆ երկարամյա չեզոքությունից հրաժարումը: Կաշառքները ցույց են տալիս, որ հարաբերությունների բարելավման պատճառն ամենեւին ներգրավված կողմերի խաղաղ նպատակները չեն եղել:
Ներգրավված արաբական պետություններից ոչ մեկը պատերազմ չի մղել Իսրայելի հետ: Նրանք արդեն իսկ զգալի համագործակցություն ունեին Իսրայելի հետ, այդ թվում՝ անվտանգության հարցերում, նույնիսկ առանց լիարժեք դիվանագիտական հարաբերությունների: Այն փաստը, որ Սաուդյան Արաբիան, ըստ հաղորդումների, բանակցում է Իսրայելի հետ «պաշտպանական դաշինքի» շուրջ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, ցույց է տալիս, որ այդպիսի հարաբերությունները դժվար թե որոշիչ գործոն են Իսրայելի հետ խաղաղության կամ պատերազմի համար: «Խաղաղության համաձայնագրերը» սխալ բառ է այսպիսի փոփոխությունների համար:
ԱՄՆ կաշառքները խաղաղության խաթարման հանգեցրին: Օրինակ, Արեւմտյան Սահարայի խնդրի վերաբերյալ քաղաքականության փոփոխությունը մեծացրեց լարվածությունը Մարոկկոյի եւ Ալժիրի միջեւ եւ բարդացրեց խնդրի լուծման միջազգային ջանքերը: Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության ցանկացած հեռանկար էլ ավելի հեռու է դարձել: Կարգավորման գաղափարը, որը ճնշում է ենթադրում արաբական կառավարությունների կողմից պաղեստինցիների վրա, չի աշխատում, քանի որ պաղեստինցիները գրեթե զիջելու ոչինչ չունեն: Իսրայելը զենք, իշխանություն, հող ու փոփոխություններ մտցնելու կարողություն ունեցող կողմն է: Դիվանագիտական հետեւանքների կրճատումն Իսրայելի շարունակական օկուպացիայի կապակցությամբ միայն էլ ավելի է նվազեցնում դրան փոփոխությունների դրդելու ցանկացած հնարավորություն:
Իսկ Պարսից ծոցում ռազմական դաշինքների զարգացման նպատակով կամ այն նպատակով, ինչն Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Հանցն «անվտանգության հատուկ միջոցառումներ» է կոչում, սրեւմ եւ ուժեղացնում է հակամարտությունը: Դա Պարսից ծոցի արաբներին ներքաշում է Իրանի նկատմամբ Իսրայելի թշնամանքի մեջ, որն ուղեկցվում է ռազմական հարձակման սպառնալիքներով: (Բառացիորեն անցյալ շաբաթ Հանցը հրապարակայնորեն խոսեց իրանական թիրախների ցուցակների մասին, որոնց Իսրայելը պատրաստ է գրոհել): Դա ավելի փոքր մասշտաբով վերարտադրում է թշնամանքի եւ խճճված դաշինքների համակարգը Եվրոպայում, որոնք հանգեցրին Առաջին աշխարհամարտին:
Ընդհանուր սկզբունքը, որի համաձայն տարածաշրջանի բոլոր երկրների համար լավ է լիարժեք հարաբերություններ ունենալ տարածաշրջանի մյուս բոլոր երկրների հետ, նշանակում է բոլոր երկրները: Պարսից ծոցի տարածաշրջանում այս նպատակը իրականություն կդառնա Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակիորեն ձեւավորված ներառական ֆորումի միջոցով՝ լարվածությունը թուլացնելու եւ Պարսից ծոցում խաղաղ համագործակցությունը խթանելու համար: Այս մշակումը պետք է աղմկոտ անվանում ստանա եւ գովաբանվի որպես ձեռքբերում»:





























