Google Maps քարտեզագրական ծառայության օգտատերերը Արիզոնա նահանգում հայտնաբերել են մայրուղի, որը երկար ձգվում է, սակայն վերջը չի երեւում: Որոշ մարդիկ ենթադրել են, որ նրանք հայտնաբերել են «ճանապարհ դեպի դրախտ», հաղորդում է Daily Star-ը՝ հղում անելով Reddit-ին:

Հրապարակված լուսանկարներում անհնար է ինչ-որ բան տեսնել՝ բացի մայրուղուց եւ կապույտ երկնքից:

«Սա ի՞նչ է, ճանապարհ դեպի դրա՞խտ»,-զարմացել է Reddit-ի օգտատերերից մեկը՝ տեսնելով քարտեզի վրա անսովոր լուսանկարը:

Որոշ օգտատերեր որոշել են ուշադիր ուսումնասիրել տեղանքը՝ պարզելու համար, թե ինչու լուսանկարների վրա գրեթե ոչինչ չկա: Նրանցից մեկը պարզել է, որ սպիտակ լույսը ճանապարհի կողքերին ձյան պատճառով է, իսկ լուսանկարին անիրական տեսք է հաղորդում տեսախցիկի տեխնիկական խափանումը (սպիտակի խախտված բալանսը):