Թերթի տեղեկություններով՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը. «Այդ նպատակով նա վերջին ամիսներին իրեն պատկանող «Քեթրին» ընկերության միջոցով այդ համայնքում սկսել է լայնածավալ գործունեություններ, այդ թվում՝ բարեգործական ակցիաներ իրականացնել: ԴԱՀԿ պետը նշանակվում է նախագահի հրամանով, և չի բացառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Մ.Պողոսյանն այլևս չպաշտոնավարի»:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից երեկ «168 ժամ» թերթի հետ զրույցում բացառել են Մ.Պողոսյանի առաջադրման հնարավորությունը. «Մեր տեղեկություններով, սակայն, վերջինս փորձում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից դրա համար համաձայնություն ստանալ: Եվ, ամենայն հավանականությամբ, կստանա՝ հաշվի առնելով նրա «անբռնազբոս» վարքագծի նկատմամբ իշխանության մշտական բարեհաճությունը: Հենց Մ. Պողոսյանի պատճառով անցյալ տարի պաշտոնանկ արվեց ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ով համարձակվել էր Միհրանին նկատողություն անել այն բանի համար, որ վերջինս աշխատասենյակում ծեծել էր իր աշխատակիցներից մեկին: Ինչ վերաբերում է Քանաքեռ-Զեյթուն համայնքին, ապա ներկայումս այն ընդգրկող ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը: Կարծիք կա, որ նա այլևս չի առաջադրվի: Այդ ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արայիկ Քոթանջյանը»,-գրում է թերթը։




























