ՀՅ Դաշնակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին զանգվածային երթ են կատարել հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների դեմ։

Երթի մասնակիցները տանում էին սեւ դրոշներ։ Նրանք իրենց ելույթներում ափսոսանք էին հայտնում այն կապակցությամբ, որ Երեւանի 2791-ամյակի տարեդարձի օրը ստիպված են քայլերթ կատարել սեւ դրոշներով, սակայն, ըստ նրանց, արձանագրությունների «խայտառակ» ստորագրման դեմ իրենց բողոքը հայտնելու այլ մեթոդ գոյություն չունի։ Երթի մասնակիցները հայտարարել են նաեւ, որ մինչեւ Հայաստանի Ազգային ժողովում արձանագրությունների վավերացման օրը անց են կացնելու բողոքի համանման գործողություններ, որպեսզի տապալեն դրանց ընդունումը։ Մինչդեռ, հոկտեմբերի 11-ին Երեւանում մինչ ուշ գիշեր ընթանում էին տոնական միջոցառումներ, ժամը 23.00-ին տրվեց աննախադեպ շքեղ հրավառություն։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում երեքժամյա ուշացումից հետո ստորագրեցին Երեւանի ու Անկարայի միջեւ դիվանագիտական եւ երկկողմ հարաբերությունների արձանագրությունները։