Հայկական ԱԷԿ-ն արդիականացնելուց հետո կարելի է շահագործել մինչեւ 2036 թվականը: Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: Նրա խոսքով՝ այս մասին են վկայում անցկացված նախնական հաշվարկումները:
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն իր հերթին շեշտեց, որ երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար հատկացված ավելի քան 63 մլրդ դրամից ծախսվել է շուրջ 20 մլրդ դրամ:
Նշենք, որ այս գումարը հատկացվել էր Հայաստանի պետական բյուջեից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարությունը 2020 թվականի հունիսին որոշել էր հրաժարվել ռուսական վարկի մի մասից եւ 63 մլրդ դրամի չափով հատկացում կատարել պետական բյուջեից:





























