ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը չի առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը` հերքելով մամուլի հարապարակումներն այդ մասին: «Բացառվում է ԴԱՀԿ պետի առաջադրումը խորհրդարանական ընտրություններում, լուրերն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը»,-վստահեցրեց Եգանյանը:
Նշենք, որ թերթերից մեկն իր հունիսի 16-ի համարում գրել էր, թե ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը եւ այդ նպատակով նա վերջին ամիսներին իրեն պատկանող «Քեթրին» ընկերության միջոցով այդ համայնքում սկսել է լայնածավալ գործունեություններ, այդ թվում՝ բարեգործական ակցիաներ իրականացնել:
Ռիմա Եգանյանն այս առթիվ ասաց, որ «Քեթրին» հասարակական կազմակերպությունը գործում է դեռեւս 2000 թվականից եւ սկզբում կոչվում էր «Իմաստասեր հայորդի»: «Այդ կազմակերպությունը միշտ էլ բարեգործական ծրագրեր է իրականացրել, ինչի մասին կարող է վկայել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ցանկացած ներկայացուցիչ: Եւ այժմ նշված հ/կ-ի կողմից իրականացվող գործունեությունը ոչ մի կապ չունի նախընտրական շրջանի հետ»,-նշեց Եգանյանը:




























