Բուժքույրը, ում ինքնազգացողությունը կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո վատացել է, միացված է արհեստական շնչառության սարքին, նրան Ախալցխայից Թբիլիսի են տեղափոխում: Այս մասին այսօր կայացած հատուկ ճեպազրույցում ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Դեպքը, որը տեղի է ունեցել այսօր Վրաստանի հարավում, գլխավոր համաճարակաբանն անվանել է պատվաստումների գործընթացի առաջին լուրջ բարդացումը: Պատվաստման գործընթացը երկրում սկսվել է մարտի 15-ից:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2719 մարդ: Ընդհանուր առմամբ պատվաստման համար գրանցվել է 5350 մարդ: Առաջին հերթին պատվաստում են բժիշկների, որոնք ռիսկի խմբում են:
Գամկրելիձեն չի բացառել, որ նման արձագանքը անաֆիլակտիկ շոկի հետեւանք է: Նրա խոսքով՝ բուժքույրը նախկինում պատվաստվել է գրիպի դեմ եւ չի համարվել ալերգիկ, բայց պատվաստանյութին հաջորդած արձագանքը նման է եղել անաֆիլակտիկ շոկի:
«Այսօր Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում, որտեղ արդեն երեք օր է՝ պատվաստումներ են անցկացվում եւ պատվաստվել է շուրջ 16 մարդ, ժամը 12:15-ին պատվաստվել է մեր գործընկեր 27-ամյա մի կին, ով նախկինում պատվաստվել է գրիպի դեմ եւ, ըստ նախնական տեղեկությունների, ոչ մի ալերգիկ ռեակցիա նրա մոտ չի եղել:
Պատվաստումից հետո կինն ուղիղ եթերում բուժանձնակազմին կոչ է արել պատվաստվել: Ցավոք, 30 րոպե անց արձանագրվել է պատասխան ռեակցիան: Մենք դեռ չգիտենք՝ արդյոք նա ալերգիկ էր, թե այլ պատճառ է եղել:
Տեղում անհապաղ օգնություն է ցուցաբերվել, ռեակցիան չի դադարել, եւ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վիճակն արագորեն վատացել է եւ ստիպված են եղել արհեստական շնչառություն անել: Դեպքի վայր է ժամանել աղետների դեմ պայքարի բժշկական խումբը, որն այժմ հիվանդին տեղափոխում է Թբիլիսի»,-ասել է Գամկրելիձեն:
«Պատվաստանյութերը, ինչպես եւ ցանկացած դեղամիջոց, ապահովագրված չեն կողմնակի էֆեկտներից: Ամենալուրջ կողմնակի էֆեկտը, որը կարող է արագ զարգանալ պատվաստանյութի կիրառումից հետո, անաֆիլակտիկ շոկն է»,-հավելել է նա՝ նշելով, որ նման երեւույթ կա կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերի մոտ:
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան չի բացառել, որ Վրաստանում պատվաստման գործընթացը ժամանակավոր կդադարեցվի Ախալցխայում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Նա նշել է, որ դեպի փաստով հետաքննություն է սկսվել:
«Այսօր կհավաքվի փորձագետների խումբ: Նրանք կքննարկեն՝ ինչպես շարունակել պատվաստման գործընթացը: Բացի այդ, կողմնակի էֆեկտների կառավարման հանձնաժողովը որոշում կկայացնի AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստման գործընթացի հետագա շարունակման հարցով»,-ասել է նա:
Գաբունիան հավելել է, որ որոշում կկայացվի, երբ հետաքննությունը պարզի պատճառահետեւանքային կապը:





























