Առաջարկված ձեւաչափի համաձան՝ խորհրդարանականները պետք է արագացված ռեժիմում 2 ընթերցմամբ քննարկեն փոփոխությունները, իսկ դա նշանակում է, որ արդեն այսօր երեկոյան օրենքը պետք է ընդունվի 2 ընթերցմամբ: Այս մասին մարտի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունները չափազանց հապճեպ են, առավել եւս, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում սկսվելու էր հերթական նիստը, որտեղ եւ կարելի էր ներկայացնել այս օրենսդրական փաթեթը:

«Դրանից բացի, այն չի քննարկվել հանրության եւ փորձագիտական շրջանակների կողմից»,- ասաց Սիմոնյանը:

Ի պատասխան՝ օրինագծի հեղինակներից մեկը, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագիծը չեր կարող մտցնել ընթացիկ օրակարգ, քանի որ ժամկետից հետ էր մնում:

Ինչ վերաբերում է օպերատիվությանը, ապա, նրա խոսքով, օրենքը նախատեսում է փոփոխություններ նաեւ այլ ենթաօրենսդրական ակտերում, եւ դրանք անհրաժեշտ է ընդունել հնարավորիս շուտ, որ հասցնեն ներդաշնակեցնել մյուս հարցերը, այդ թվում՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը:

«Այո, փոփոխությունների մասնագիտական քննարկումներ չեն եղել, բայց եղել է կարծիքների ոչ պաշտոնական փոխանակում, իսկ առաջարկված փոփոխությունները կարող են օգտակար լինել անկախ դատական համակարգի ամրապնդման համար»,- նշեց Վարդանյանը: