Հայաստանում իշխանությունների կողմից խորհրդարանի քննարկմանն առաջարկված օրենսդրական նախաձեռնությամբ դատական համակարգն էլ ավելի կվատթարանա: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, փաստորեն, առաջարկում են սահմանափակել քրեական գործերի քննության մեջ ներգրավված փաստաբանների իրավունքները, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանում այնպիսի իշխանություն չի եղել եւ չկա, որ իր փոփոխությունից հետո փաստաբանների ծառայությունների կարիքը չունենա:
«Գոնե ձեր մասին մտածեք, պարոն Վլադիմիր Վարդանյան: Դուք նույնիսկ ձեր մասին չեք մտածում»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով օրենսդրական նախաձեռնության հեղինակներից մեկին:
Պատգամավորը շեշտեց, որ երբ իշխանությունները սկսում են հասկանալ, որ իրենց դուր չի գալիս այս կամ այն դատավորը, եւ նրանք, միեւնույն ժամանակ, ցանկանում են արդարադատություն իրականացնել հօգուտ այս կամ այն քաղաքացու, ապա այդ նպատակով, ինչպես նաեւ անցանկալի դատավորի փոփոխության համար նրանք որոշում են գործը փոխանցել նրան, ով կանի հենց այն, ինչ իրենից պահանջվում է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին քվեարկության ընթացքում առաջին ընթերցմամբ 80 խորհրդարանական կողմ հանդես եկավ այս օրենսդրական նախաձեռնությանը, 6-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ: Պատգամավորները հաստատեցին Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը:





























