Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լավագույնի հույս ունի, սակայն միշտ պատրաստ է վատագույնին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահին «մարդասպան» էր անվանել: Նա նաեւ ասել է, որ Պուտինը «պատասխան կտա» ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար: Պուտինը մեկնաբանել էր Բայդենի խոսքերը՝ նրանք առողջություն մաղթելով եւ հիշելով մանկական մի արտահայտություն՝ «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»: Նա նաեւ առաջարկել են զրուցել ուրբաթ կամ երկուշաբթի օրը: Ի պատասխան Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենն ու Պուտինն արդեն զրուցել են, եւ ԱՄՆ-ն պահպանում է կապը ՌԴ ղեկավարության հետ:

«Ի վերջո, դիտորդները եւ մասնագետները գումար են վաստակում նման կանխատեսումների արդյունքում: Իհարկե, մենք միշտ լավագույնի հույս ունենք, բայց միշտ պատրաստ ենք վատագույնին»,-ասել է Պեսկովը:

«Ինչ վերաբերում է ՌԴ-ին, նախագահը հստակ հայտարարեց իր ցանկության մասին՝ անկախ ամեն ինչից շարունակել հարաբերությունները երկու երկրների միջեւ, քանի որ դա բխում է ոչ միայն մեր երկու երկրների, այլեւ ամբողջ աշխարհի շահերից: Իհարկե, մենք չենք կարող անտեսել պարոն Բայդենի խոսքերը»,-հավելել է Պեսկովը: