Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ասել է, որ երկիրը պատրաստ է Ադրբեջանի հետ կիսել կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձը եւ «նոու-հաուն», հաղորդում է Mehr-ը:
Շաբաթ օրը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հեռախոսազրույցում Վաեզին Նովրուզն անվանել է «երկու երկրների մշակութային ընդհանրություններից մեկը» եւ ասել է. «Երկու երկրներն ունեն հարաբերությունների ընդլայնման շատ ոլորտներ, այդ թվում` համագործակցություն քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական ու ակադեմիական ոլորտներում, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտում»:
Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի հաջողությունների, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պատվաստանյութ պատրաստելու մասին` Վաեզին հայտնել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի փորձը փոխանցելու Իրանի պատրաստակամությունը:
Նա նաեւ ընդգծել է ապրանքների փոխադրման եւ տարանցման ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը եւ հավելել է. «Թեհրանը եւ Բաքուն վերջին տարվա ընթացքում լավ համագործակցել են միջսահմանային փոխանցումների եւ ապրանքների փոխադրման հարցում, չնայած կորոնավիրուսի բռնկմանը։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը նոր տարում կընդլայնվի»,- ասել է նա:
Ադրբեջանի փոխվարչապետը նույնպես շնորհավորել է Վաեզիին Նովրուզի կապակցությամբ եւ հայտնել է Թեհրանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու Բաքվի ցանկությունը:
Նա ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը նոր հիմքեր է ստեղծել երկու երկրների միջեւ փոխադրման եւ տարանցման ոլորտում համագործակցության ամրապնդման համար, եւ հույս է հայտնել, որ հաջորդ տարի պայմանների բարելավմամբ «մենք այս ոլորտում համագործակցության ամրապնդում կտեսնենք»:




























