Ավստրիական նավթային ընկերությունը (OMV) աջակցում է Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, ասել է ընկերության ղեկավար Ռայներ Զելեն, հաղորդում է Reuters-ը:

«Այս նախագիծը մեծ նշանակություն ունի եվրոպական գազային շուկայի էներգամատակարարման հուսալիության համար, ուստի որոշումը պետք է կայացնի Եվրոպան»,- ավստրիական Wiener Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Զելեն:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անցյալ շաբաթ հայտարարել է, որ Պետդեպարտամենտը հետեւում է խողովակաշարն ավարտին հասցնելու ջանքերին եւ գնահատում է այն սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունը, որոնք կարծես ներգրավված են դրանում:

Ցանկացած ներգրավված ընկերություն պետք է անհապաղ հրաժարվի աշխատանքից կամ ԱՄՆ պատժամիջոցների ռիսկի ենթարկվի, ասել է Բլինքենը:

Մոտ 20 ընկերություններ, հիմնականում՝ ապահովագրական, վերջերս դուրս են եկել նախագծից այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ նրանց դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել:

Զելեն հույս է հայտնել, որ ռուսական «Գազպրոմ»-ի կողմից ղեկավարվող նախագիծը կավարտվի:

Ավստրիական ընկերությունը 9,5 միլիարդ եվրոյի նախագծում «Գազպրոմ»-ի գործընկերներից է:

Մյուսների թվում են գերմանական Uniper-ը, BASF Wintershall Dea-ն, Royal Dutch Shell-ը եւ ֆրանսիական Engie-ը: