ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 86 միլիոն դոլար է հատկացրել սահմանի մոտ գտնվող հյուրանոցների համար` ամերիկա-մեքսիկական սահմանը հատող միգրանտների ընտանիքների շուրջ 1200 անդամներին տեղավորելու համար:
Սա վկայում է այն միգրանտների աճող թվի մասին, որոնք փորձում են գալ Միացյալ Նահանգներ՝ ի լրումն առանց այն էլ հսկայական թվով երեխաների, որոնք սահմանն անցել են առանց ծնողների կամ օրինական խնամակալների: Երկու միտումներն էլ, կարծես, լարում են պետական ռեսուրսները, նշում է թերթը:
Պայմանագիրը, որը կնքվել է տեխասյան հասարակական Endeworks կազմակերպության միջոցով, նախատեսված է վեց ամսով, սակայն այն կարող է երկարաձգվել եւ ընդլայնվել: Հյուրանոցները տեղակայված են սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ Արիզոնայում եւ Տեխասում:
ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը վերահսկում է չափահաս միգրանտների եւ նրանց ընտանիքների կալանավորումը, ովքեր ապօրինի հատում են սահմանը այն բանից հետո, երբ սահմանային պարեկային գործակալները ձերբակալում են նրանց:
Հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում հարավարեւմտյան սահմանին ձերբակալված միգրանտների ընտանիքի անդամների թիվը, գործակալության վերջին տվյալների համաձայն, կրկնապատկվել է՝ 7000-ից հասնելով գրեթե 19 000-ի:
Սահմանապահները շարունակում են օգտագործել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ շատ ընտանիքների Մեքսիկա արագ վերադարձնելու համար: Սակայն Մեքսիկան միգրանտ ընտանիքներին տեղավորելու սահմանափակ կարողություններ ունի, եւ, ըստ վարչակազմի պաշտոնյաների, չի ընդունում նրանց մի մասին, որոնք փոքր երեխաներ ունեն:





























