Qantas ավստրալական ավիաընկերության ղեկավար Ալան Ջոյսը հայտարարել է BBC-ին, որ «կառավարությունները կպնդեն», որ միջազգային ճանապարհորդները պատվաստվեն:

Համարվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ունեն որոշիչ նշանակություն ոլորտի վերածննդի հարցում, որում անցած տարի ուղեւորների թիվը ամբողջ աշխարհում կրճատվել է 75,6 տոկոսով:

Ջոյսը նշել է, որ բազմաթիվ կառավարություններ խոսում են պատվաստման մասին՝ որպես «մուտքի նախապայմանի»:

Նրա խոսքով՝ եթե անգամ դա այդպես չէ, ավիաընկերությունը պետք է վարի սեփական քաղաքականությունը:

«Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր ուղեւորների եւ մեր անձնակազմի մասին, որպեսզի ասենք, որ տվյալ ինքնաթիռում բոլորը պետք է անվտանգ լինեն»,-ասել է Ջոյսը:

Նա համարում է, որ դա արդարացնում է պայմանների փոփոխությունը, որոնց դեպքում ամրագրված էին ավիատոմսերը:

Ջոյսի կարծիքով՝ ուղեւորները պետք է պատրաստ լինեն ընդունել փոփոխությունները:

«Մեր հաճախորդների ճնշող մեծամասնությունը համարում է, որ դա հիանալի գաղափար է. մեր կողմից հարցված մարդկանց 90 տոկոսը կարծում է, որ դա պետք է լինի պահանջ այն մասին, որ մարդիկ գնան պատվաստվելու, որպեսզի ճամփորդեն ամբողջ աշխարհում»,-նշել է նա:

Սակայն այդ գաղափարի հետ չհամաձայնածների շրջանում կան նաեւ ազդեցիկ ձայներ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այդ կառույցի թվային առողջապահության եւ նորարարությունների գծով տնօրեն Բերնարդո Մարիանոն ասել է BBC-ն. «Մենք չենք ընդունում փաստը, որ պատվաստման մասին անձնագիրը պետք է լինի ճանապարհորդելու համար նախապայման»:

Նա հավելել է, որ անկախ այն բանից, թե ինչ է ցանկանում մասնավոր հատվածը, անհրաժեշտ է միասնական մոտեցում կառավարությունների կողմից, որպեսզի գրանցենք այդ փոփոխությունները: