Ռուսաստանում ընթացիկ երկու ամսվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է շուրջ 2 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի: Այդ մասին ասված է ՆԳՆ վիճակագրական նյութերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց կողմից կատարվել է 6,2 հազար հանցագործություն, ինչը 1,9 տոկոսով ավելին է, քան 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների կողմից՝ 4,8 հազար հանցագործություն»,-ասված է նյութերում:

ՆԳՆ տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ հանցագործությունների թիվը նվազել է 8,4 տոկոսով եւ կազմել 2,3 հազար հանցագործություն: Վիճակագրական տվյալներով՝ երկու ամսվա ընթացքում հայտնաբերվել է 137,2 հազար հանցագործություն գործած մարդ, ինչը 2,2 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ժամանակաշրջանում:

Ռուսաստանում տարեսկզբից առ այսօր գրանցվել է 309,4 հազար հանցագործություն: