Չինաստանի էներգետիկ կարիքների շարունակական անվտանգության ապահովումը մեր գերխնդիրն է մնում ոչ միայն առաջիկա հինգ, այլ 50 տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է Saudi Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը, փոխանցում է Reuters-ը:
Չինաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան՝ աշխարհի խոշորագույն նավթ արտահանողն, այս տարվա առաջին երկու ամիսներին պահպանել է իր դիրքը որպես Չինաստանի առաջատար մատակարար, ընդ որում, ծավալներն աճել են 2.1 տոկոսով եւ օրական կազմել 1.86 մլն բարել:

Թագավորությունն առաջ է անցել Ռուսաստանից եւ 2020-ին պահպանել է իր դիրքը Չինաստանում որպես նավթի գլխավոր մատակարար՝ չնայած նավթի արտահանող երկրների կազմակերպության եւ նրա դաշնակիցների միջեւ արտադրության աննախադեպ կրճատումներին համաշխարհային շուկաներին հակակշռելու համար կորոնավիրուսի համավարակի ժամանակ պահանջարկի անկման պատճառով:

«Չինաստանի էներգետիկ կարիքների շարունակական անվտանգության ապահովումը շարունակում է մեր գերխնդիրը մնալ՝ ոչ միայն հաջորդ հինգ, այլ 50 տարիներին եւ դրանից հետո,- ասել է Նասերը:- Մենք հասկանում ենք, որ կայուն էներգետիկ լուծումները կարեւոր նշանակություն ունեն գլոբալ էներգետիկային ավելի արագ եւ սահուն անցման համար… Սակայն իրականում դա որոշ ժամանակ կպահանջի, քանի որ շատ ոլորտներում նավթի համար քիչ այլընտրանքներ կան»:

Նասերը հայտնել է, որ Չինաստանում պահանջարկը շատ մոտ է նախահամաճարակային մակարդակին: Նրա խոսքով՝ Aramco-ն ոչ միայն էներգիայի հիմնական մատակարարն է Չինաստանի կարիքների համար, այլ նաեւ լավ հնարավորություններ ունի էներգետիկ անցման ոլորտում Չինաստանին իր երկրորդ հարյուրամյա նպատակին  հասնելու գործում օգնելու համար:

Սեպտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ Չինաստանը մինչեւ 2030 թվականը ածխածնի արտանետումների գագաթնակետին կհասնի եւ մինչեւ 2060 թվականն ածխածնային չեզոքության կհասնի, ինչը, ինչպես սպասվում է, տեկտոնական փոփոխության կհանգեցնի դրա էներգետիկ եւ արտադրական հատվածներում:

Նասերի խոսքով՝ պետական ​​նավթային հսկան նաեւ հնարավորություն է ակնկալում նավթի վերամշակման նախագծերում՝ ծանր տրանսպորտային եւ քիմիական նյութերի, ինչպես նաեւ յուղելու նյութերի եւ ոչ մետաղական նյութերի ոլորտում Չինաստանի կարիքները բավարարելու համար:

Նա հավելել է, որ Aramco-ն չինական համալսարանների եւ ընկերությունների հետ աշխատում է ավելի մաքուր վառելիքի համակարգերի եւ շարժիչների տեխնոլոգիաների վրա՝ հում նավթը քիմիական նյութերի վերածելու եւ առկա էներգիայի աղբյուրներից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ:

«Իրականում մենք նույնիսկ ավելի համարձակ հավակնություններ ունենք Չինաստանի հետ մեր հետազոտական ​​համագործակցությունն ընդլայնելու եւ ակտիվացնելու համար»,- ասել է Նասերը՝ հավելելով, որ լրացուցիչ համագործակցություն է հնարավոր նաեւ այսպես կոչված կապույտ ջրածնի, ամոնիակի եւ ածխածնի որսման տեխնոլոգիաների ոլորտում:

China National Petroleum Corporation-ի (CNPC) հետազոտական ​​ինստիտուտի փորձագետները կանխատեսում են, որ մոտ 2025 թվականից Չինաստանում նավթի պահանջարկը 730 միլիոն տոննա կկազմի, ինչը համապատասխանում է Սի Ցզինպինի՝ կլիմայի հետ կապված խոստմանը: