Սաուդյան Արաբիան Եմենում հակամարտության կարգավորման նոր նախաձեռնություն է առաջարկել, ներառյալ ՄԱԿ-ի հովանու ներքո համատարած զինադադարը: Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թագավորությունը նախկինի պես ցանկանում է անվտանգություն եւ կայունություն հաստատել Եմենում եւ տարածաշրջանում եւ աջակցում է խաղաղություն հաստատելու եւ Եմենի ճգնաժամը դադարեցնելու ջանքերին: Թագավորությունը հայտարարում է Եմենի ճգնաժամը դադարեցնելու եւ համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու նախաձեռնության մասին, որը ներառում է ամբողջական հրադադար ՄԱԿ-ի վերահսկողության ներքո»,-ասել է Ֆարհանը:

Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսում է Եմենի մայրաքաղաք Սանայում միջազգային օդանավակայանի շահագործման վերսկսում որոշ ուղղություններով, Եմենի Հոդեյդա նավահանգստից շրջափակման մասնակի վերացում եւ նավահանգստի օգտագործումից ստացված հասույթի կուտակում:

Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում են ռազմական գործողությունները նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի կողմնակից կառավարական ուժերի եւ Եմենի հյուսիսը վերահսկող հուսի ապստամբների միջեւ: